Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարգարեություն Թուրքիայի վերաբերյալ

Մարգարեություն Թուրքիայի վերաբերյալ
23.10.2015 | 00:05

Վերջին ժամանակներում համաշխարհային անցուդարձում նորից թեժանում է գերտերությունների մրցակցությունը: Մերձավոր Արևելքը վերստին դառնում է պատերազմների թատերաբեմ: Հայաստանն այնքան էլ հեռու չէ այս տարածաշրջանից, և ՀՀ իշխանությունները պետք է պատրաստ լինեն բոլոր աննախադեպ մարտահրավերներին և իրադարձությունների զարգացումներին: Մի քանի տարի առաջ գուցե ոչ ոքի մտքով չանցներ, որ Ռուսաստանը Սիրիայում սկսելու է ռազմական հաղթարշավ, սակայն այսօր դա անհերքելի փաստ է: Այս զարգացումներին համընթաց սրվում են թուրք-ռուսական հարաբերությունները և չի բացառվում, որ մոտ ապագայում Արևմուտքի դրդմամբ և քաջալերմամբ ռուս-թուրքական հերթական պատերազմը սկսվի, որպեսզի կասեցվի ռուսական ազդեցության տարածումը այդ տարածաշրջանում: Հայաստանի անվտանգության համար այս ամենը մտահոգիչ է, քանի որ ռազմաճակատներից մեկը կարող է լինել հենց Հայաստանի և ներկայիս Թուրքիայի միջև սահմանը: Մեր երկրին անհրաժեշտ է դուրս գալ իր ներքին կյանքի անառողջ մթնոլորտից, ուր շարունակաբար տիրում են մշուշը և գոյապայքարը: Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում գերիշխեն արդարության ու հավասարության սկզբունքները, որպեսզի չլինի արտագաղթ, այլ ներգաղթ: Անհրաժեշտ է հայկական բանակի լիովին գերժամանակակից վերազինում և ներգաղթի շնորհիվ բանակի թվաքանակի աճ, որովհետև չի բացառվում, որ մենք պատերազմի մեջ լինենք երկու ճակատով` և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ:
Այս ամենը ներկայումս շատերին կարող է թվալ ֆանտաստիկ ժանրի երևակայություն, սակայն անդրադառնալով եկեղեցու որոշ սուրբ հայրերի կանխատեսումներին ու մարգարեություններին, մարդուն մտածելու տեղիք է տալիս, մասնավորաբար հույն և ռուս ուղղափառ եկեղեցիների սրբերից ոմանք խոսել են Թուրքիայի կործանման մասին: Այս առումով ուշագրավ են հույն ուղղափառ եկեղեցու 20-րդ դարի հայտնի սրբերից Պաիսիոս Աթոսացու մարգարեությունները: Նա կանխատեսել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև նոր պատերազմ է լինելու: Նշում է, որ հունական բանակը չի մասնակցելու այդ պատերազմին: Պատերազմի թատերաբեմ են լինելու Պաղեստինը, Մերձավոր Արևելքը: Ռուսները գրավելու են Թուրքիան, և այն անհետանալու է քաղաքական քարտեզից, քանի որ թուրքերի մեկ երրորդը քրիստոնյա է դառնալու, մեկ երրորդը զոհվելու է ճակատամարտերում, մեկ երրորդը Միջագետք է գաղթելու: Հավաստիացնում է, որ այդ պատերազմին նույնիսկ չինացիներն են մասնակցելու և մի կողմից անցնելու են Եփրատ գետը, մյուս կողմից հասնելու են Երուսաղեմ քաղաքին` ունենալով երկուհարյուրմիլիոնանոց բանակ: Նա նշում է, որ Թուրքիայում կապստամբեն քրդերն ու հայերը, և եվրոպացիները թուրքերից պահանջելու են նրանց ինքնորոշումը և անկախությունը, և այսպիսով Թուրքիան կբաժանեն մի քանի մասի: Այս առանձնահատկությունների մոտենալու նշաններից մեկն այն է լինելու, որ Երուսաղեմում կործանվելու է Օմարի մզկիթը, և հրեաների կողմից սկսվելու է Սողոմոնի տաճարի վերականգնումը:
Սբ. Պաիսիոսն ասում է, որ եվրոպացիների և ռուսների միջև արյունահեղ ճակատամարտ է տեղի ունենալու Կոստանդնուպոլիս (ներկայիս Ստամբուլ) քաղաքի համար: Հունաստանը առաջնային դեր չի խաղալու այդ պատերազմում, բայց ռուսները Կ. Պոլիսը հանձնելու են հույներին և ոչ թե նրա համար, որ շնորհ կանեն այդ քայլով, այլ պարզապես դրանից ավելի լավ լուծում չեն գտնի: Հրեաները, որոնք կունենան եվրոպացիների աջակցությունը, տարբեր խորամանկ մեքենայությունների միջոցով կաշխատեն կառավարել Եվրոպան: Բայց քրիստոնյաները կմիավորվեն: Երբ լսեք, որ թուրքերը փակում են Եփրատ գետի ջրերը` կառուցելու համար ամբարտակ և ոռոգելու համար իրենց հողերը, այդժամ իմացեք, որ մենք մտել ենք այդ մեծ պատերազմի նախապատրաստական փուլը և այն մոտ է:
Հարկ է նշել, որ Թուրքիան Եփրատ գետի վրա ամբարտակ է կառուցել դեռ 1990-ին և մեկ ամիս Եփրատ գետի ջուրը սակավ է հոսել Սիրիա, ուր սիրիացիները շատ հողեր չեն կարողացել ոռոգել: Այդ իսկ պատճառով Սիրիան նույնիսկ սպառնացել է ռմբակոծել Թուրքիան և երկար բանակցություններից հետո որոշակի քանակով Եփրատի ջրերը նորից հոսել են Սիրիա: Երբ կարդում ենք Սբ. Պաիսիոսի ապագայի վերաբերյալ մարգարեությունները, զգում ենք, որ ազգությամբ հույն սրբակենցաղ այս մարդու երազանքներից մեկը կրկին Կ. Պոլսի վերադարձը տեսնելու մեջ է, դրա թուրքական իշխանությունից ազատագրումը: Ոմանք կարող են Սբ. Պաիսիոսի կանխատեսումները պարզապես հունական ազգային երազանք որակել, բայց Սբ. Հոգով լցված այս մարդու խոսքերն ապագա իրադարձությունների վերաբերյալ մտածելու տեղիք են տալիս: Համենայն դեպս, օրթոդոքս եկեղեցու սրբերից շատերն են վկայում, որ Թուրքիան մասնատվելու է նմանատիպ համաշխարհային իրադարձությունների պատճառով, ինչպես օրինակ` երանելի սրբակենցաղ Հովսեփ Վատոպեդացին իր մարգարեական կանխատեսումներում նշում է, որ հույները Կ. Պոլիս կվերադառնան վեց հարյուր տարի անց, երբ այն գրավվեց թուրքերի կողմից, այսինքն` այն նորից հունական քաղաք կդառնա 2053-ին: Նա ասում է, որ Հայաստանն իր հողերը հետ կստանա, իսկ քրդերը ձեռք կբերեն անկախություն և կստեղծեն իրենց անկախ պետականությունը:
Արդ, Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունները հուշում են, որ սրբակյաց այս անձանց կանխատեսումները պարզապես հունական երազանք չենք կարող կոչել, և նրանց մարգարեությունները սկսում են համընկնել արդի համաշխարհային իրադարձություններին: Կարծում եմ` Հայաստանի ներկայիս ու ապագայի իշխանությունները պետք է որոշակի վերլուծություն կատարեն այս ամենից, որպեսզի հետագայում անպատրաստ չլինեն, հատկապես փորձեն կատարել Աստծո կամքը, որպեսզի աստվածային նախախնամությունը առաջնորդի ու աջակցի հայոց պետությանը վերստին գտնելու իր կորսված հայրենյաց հողերը և միավորելու մեկ միասնական մեծ Հայաստանի սրբազան հաղթության խաչի և դրոշի ներքո:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 5935

Մեկնաբանություններ